Կարդում ենք Չարենց։

Ռեգինա Ղազարյան․ այս անունը ծանոթ է ցանկացած մեկի, ով գիտի Եղիշե Չարենցին։ Քանզի անհնար է խոսել Չարենցից՝ առանց Ռեգինային հիշելու։ Հենց այս կնոջ շնորհիվ են մեզ հասել Չարենցի շատ ստեղծագործություններ։ Բանտարկված Չարենցը նրան էր վստահել իր ձեռագրերի փրկությունը, իսկ հետագայում նաև՝ երեխաների կյանքը:
Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան
Չարենցի հետ ծանոթացել եմ 1930 թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:
Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո նա հարցրեց, թե ո՞վ է այս սպորտսմեն փոքրիկը` զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ` ինչով արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգե՞ստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան, բայց նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. « Էֆֆերի~մ»:
Այդ ժամանակ Գուրգեն Մահարին բռնելով ձեռքս առաջ տարավ և ներկայացրեց ինձ` նուրբ խոսքերով շոյելով մանուկ ինքնասիրությունս: Միայն ՉԱՐԵՆՑ բառը լսելուց հետո զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել ինձ ԱՆՁՆԱՊԵՍ ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե′ դպրոցում և թե′ հարազատներիս միջավայրում:
Բախտի բերմամբ ես գրավեցի Չարենցի ուշադրությունը, և նա մեծ հետաքրքրությամբ սկսեց հարց ու փորձ անել զբաղմունքիս բնույթի, ծնողներիս, մտադրություններիս, նույնիսկ հեծանվիս մասին:
Նրան անչափ հետաքրքրեց, որ ծնողներս եղել են գիտական մտավորականության այն ներկայացուցիչներից, որոնք արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքները ի սպաս դրել հայ ժողովրդին:
Չարենցի պահանջով հաջորդ օրը իր տուն տարա ծնողներիս լուսանկարը. երկար նայելուց հետո ասաց, որ այն կմնա իր մոտ և դրեց իր գրասեղանի արկղը: Այդ օրն էլ տոհմածառի շուրջ վարած զրույցի ժամանակ ուշադիր լսելով տատիս` Շամիրամ Խորասանյանի հետ կապված դրվագը, Չարենցը պոռթկուն ուրախություն ապրեց` ռուսական արքունիքում հայկական տարազի տարած հաղթանակի համար, բանն այն էր, որ ազգային համազգեստով ողջ Եվրոպան շրջած Շամիրամ տատս, անհրաժեշտության մղումով, ցարական բանակում ծառայող սեփական որդու (իմ մորեղբոր) հետագա բախտի տնօրինման հետ կապված որոշ կնճռոտ հարցեր պարզելու համար, ստիպված է լինում անհապաղ, սոսկ թարգմանիչների ուղեկցությամբ մեկնել Պետերբուրգ և որոշ ջանքեր թափելուց հետո արժանանալ Նիկոլայ Երկրորդի մոր` կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ընդունելությանը: Թագավորական պալատում ընդունելության ժամանակ, երբ հերթը հասնում է տատիս, կայսրուհին ուշադիր դիտելով նրա յուրահատուկ զգեստը և հարցման եղանակով ճշգրտելով հագուստի ազգային ծագումը, ընդհուպ մոտենում և շոշափում է այն:
Տատս անմիջապես խնդրում է թարգմանիչներին` հաղորդել կայսրուհուն, որ նա կստանա իր հավանած տարազը` որպես նվեր:
Իրեն ուղեկցողների փութաջանությամբ իմանալով թագուհու չափսը և իր` այդ այցի դրական արդյունքից գերերջանիկ վերադառնալով Երևան, նա հատուկ սուրհանդակով, որպես նվեր, կայսրուհուն է ուղարկում իր խոստացած հայկական մեծատոհմիկ շքեղաշուք համազգեստը` ճակատակալի վրա ամրացրած երկու խոշոր ադամանդյա քորոց:
Շարունակելով սրահում նախորդ օրվա հանդիպման ժամանակ սկսած զրույցը, կասեմ միայն, որ Չարենցը այդ օրվա խոսակցության ողջ ընթացքում այնքան էլ չխրախուսելով Ռեգինա ` իմ ոչ այնքան խրոխտ անունը, իր մեծ ու խորունկ աչքերով ինձ մի շտապ շեղ հայացքով նայելուց հետո բոլորի մոտ հայտարարեց, որ ինքը այսուհետ ինձ Ռոլան է կոչելու, և որ ես իր փոքր ու մտերիմ բարեկամը լինեմ;
Այդպես էլ եղավ: Նրա` այդ կտրուկ կողմնորոշումը լիովին իրականություն դարձավ և որոշ ընդմիջումով շարունակվեց ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը:
Սրահի մեր այդ խոսակցությունից անմիջապես հետո Չարենցը մեծ աշխուժով բոլորին, այդ թվում ինձ, հրավիրեց իր սենյակը` սուրճ խմելու (նա ապրում էր հյուրանոցի երկրորդ հարկում):
Անսահման էր նրա բնակարանում լինելու իմ ուրախությունը: Այսօրվա պես հիշում եմ. պատից կախված ճապոնական մեծաճաշակ ոսկեզօծ պաննոյի կողքին, պատվանդանների և պահարանների վրա դրված էին եգիպտական և հնդկական արձաններ ու արձանիկներ. պատերին կախված կային մի շարք նկարներ, որոնցից տպավորվել են Դանթեի կիսադեմ նկարը և իր հանգուցյալ սիրելի կնոջ` Արփենիկի դիմանկարը:
Հիշողությանս մեջ առանձնապես մնացել է Լենինի փոքրիկ գունավոր դիմանկարը, որը առանձին խնամքով կախված էր գրասեղանի մոտ` անմիջապես իր կողքին:
Նրան շրջապատող իրերը, որոնց մեծ մասը գրքեր էին` տեղավորված պատերի երկայնքով ու բարձրությամբ, պերճախոս վկաներն էին նրա անզուգական ու նրբագեղ ճաշակի:
Ես ուղղակի շլացած էի այդ ամենով, ինչ առաջին անգամ էի տեսնում այդտեղ:
Հապա ի~նքը` Չարե~նցը…
Երբեք չեմ մոռանա իմ կյանքի այդ նշանավոր օրը, երբ նա, հյուրանոցի ճաշարանի մատուցողին սուրճ և մրգեր պատվիրելուց հետո, արևելյան ճաշակով տնային մի երկար ու լայն վերնազգեստ գցեց վրան (նախապես հանելով վերնաշապիկը), ծալապատիկ նստեց իր սիրած փափուկ թախտին ու թազբեհը խաղացնելով ձեռքերում ` սկսեց մեծ ոգևորությամբ զրուցել:
Աստվա~ծ իմ, այդպիսի ձեռքեր…
Ձեռքերի ափերը նուրբ վարդագույն էին ու ձեռքի երեսից եզրագծված կարծես քանոնով:
Մատները երկար էին ու ծայրերին ունեին թեթև բարձիկներ: Ձեռքերը նուրբ էին, բայց առնական, մի հազվադեպ գեղեցկություն. յուրաքանչյուր հռչակավոր դաշնակահար, կարծում եմ, կերազեր ունենալ Չարենցի ձեռքերը:
Հուշագրական ժամանակագրության որոշակի խախտումով ասեմ, որ Չարենցը հետագայում ինձ երբեմն հարցրել է, թե արդյոք տգե՞ղ է ինքը: Կար միայն մեկ պատասխան, որ ինքը գեղեցիկ է. և դա ասում էի խորը համոզումով: Եվ, իրոք, չնայած փոքր հասակին, Չարենցը ուներ շատ համաչափ կազմվածք և իր ներքինն ամփոփող արտահայտիչ ու ազնվաշուք կեցվածք: Հապա աչքե~րը… խոսելիս լիներ, թե պարզապես նայելիս, նա կարողանում էր դիմացինին գերել, ենթարկել իրեն:
Դժբախտաբար, ես ամենևին չեմ հիշում, թե ինչի մասին էր այդ առաջին օրվա զրույցը, այն աստիճան թովված էի նրանով, այդ նյութական, շոշափելի մոտիկությունից և թարմ, առաջին անգամ ինձ ներկայացող տպավորություններից: Որոշակի հիշում եմ միայն, որ ժխորի հասնող աշխուժություն էր սենյակում, իսկ ամենից աղմկոտը` ինքը տան տերը:
Այդ օրվանից Չարենցը դարձավ իմ կուռքը, իմ անկաշառ պաշտամունքը, և, մոռանալով ամեն ինչ ու ամենքին, օր չէր անցնում, որ չայցելեի, նրա ուղեկիցը չլինեի տարբեր հրավերների և զբոսաշրջումների ժամանակ:
Պատմիր Չարենցի «Տաղարան» ժողովածուի մասին և սովորիր հետյալ քառատողը։
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…