Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:
Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….
Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով..
Հովհաննես Շիրազն առակագիր։
Անտառի առակը․․․
Ես գիտեմ տերևն ինչու է դողում,
Ինչ են բողոքում արմատներն հողում․․․
Եվ տերևներին արմատներն ասին.
― Շատ միք պարծենա, թե վերում եք դեռ,
Մենք ենք անտառը պահում մեր ուսին,
Արմատներով է անտառը անմեռ։
Մեզ լույս տվողը, իրավ է, դուք եք,
Բայց ինչ լույսով էլ անտառը զուգեք,
Ինչքան էլ մեզնից վերև բարձրանաք,
Թե բարձրանալով շատ գոռոզանաք,
Իմացեք, որ ձեր փառքը վեհաշուք
Հազիվ դիմանա մի գարուն-աշունք,
Կյանքը գոռոզին շատ չի համբերի,
Մի քամի, մի ձյուն ձեզ ցած կբերի,
Որ խելքի գալով
Գահը տաք լալով
Ավելի խելոք նոր տերևների,
Մեզ ավելի վեր տանող թևերի,
Որ Մայր արմատից ուր էլ բարձրանան՝
Կույր տերևի պես մեզ չմոռանան,
Դրախտն էլ մեզ տան՝
Չգոռոզանան։
Բախտդ ում գահն էլ քեզ բարձրացնի՝
Գոռոզությունդ քեզ կկործանի։
Աղավնին ու ագռավը
Ապշել էր մանուկ աղավնին բարի,
Որ, իբր ագռավն հինգ հարյուր տարի,
Կամ թե երեք դար
Կապրի անդադար,
Ու գեթ մի դարի կյանքի ծարավից՝
Ուզեց իմանալ գաղտնիքն ագռավից.
― Այդ ինչի՞ց է, որ՝
Ես էլ թևավոր,
Բայց դու մեզանից երկար ես ապրում,
Դու, որ չարժեիր իմ ոտի փոշին.
― Արի գաղտնիքը քեզ ցույց տամ իսկույն,―
Ասաց ագռավը և իջավ լեշին՝
Կտուցը խրեց հոտած լեշի մեջ․․․
Բայց իսկույն սոսկաց աղավնին իմ խեղճ.
― Թող կյանքս, ասավ, մի վայրկյան լինի,
Լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնի,
Քան թե դարերով, բայց իբրև ագռավ,―
Ասաց աղավնին ու երկինք թռավ։
․․․
Արծիվն ու աքլորը
Ինչո՞ւ չես թռչում, հարցրեց մի օր
Արծիվն աքլորին,
Թե՞ չես կարոտում հեռու, հեռավոր
Մեր սար ու ձորին,
Ինչո՞ւ չես ձգտում մի օր դեպի վեր,
Թե թևավոր ես, ինչո՞ւ չես թռչում։
― Իմ ինչի՞ն էին թռիչք ու թևեր,
Ոչ մի բարձունքի սիրտս չի տենչում.
Այսպես ինձ լավ է, չէ՞ որ ինձ այստեղ
Թե բույնն են տալիս և թե հաց ու ջուր։
― Այդ ասա,― ասաց արծիվը շքեղ,―
Այդ մի պուտ ջուրն է երկինքդ մաքուր,
Այդ հաց ու ջուրն է թևերդ պոկել
Ու սիրտդ կապել այս աղբանոցին,
Այդ է, որ կյանքում դու դեռ չես ջոկել,
Թե ինչ է արծիվն, ինչ են հավն ու ցին․․․
Ասաց իմ արծիվն ու երկինքը նետվեց,
Ու սավառնում էր ու խորհում էր խոր,
Թե բանաստեղծ չէ ամեն բանաստեղծ.
Ինչպես արծիվ չէ ամեն թևավոր։
․․․․
Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում՝ կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց։
Բայց, երբ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց՝
Ծռվեց նավակը՝ ծովն ընկավ՝ թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսավ.
Շունը խեղդվող տիրոջը հասավ
Բերանով իսկույն
Բռնելով մարդուն
Լողալով՝ մարդուն դուրս բերեց ծովից,
Եվ ինքը մեռավ իր սրտի ցավից․․․
․․․
Համեստություն
Արծիվը թառել կիսավեր վանքին.
Մտքում՝ նայում էր իր անցած կյանքին.
Բայց հանկարծ վանքի մի որմի վրա,
Տեսավ քանդակված պատկերն ինքն իրա.
Ու շա՜տ զարմացավ արքան ալեհեր.
Ե՞րբ է քանդակված՝ չէր տեսել դարեր,
Ինչո՛ւ չէր տեսել քանդակն երբևէ՝
Շուրջը չէ՜ր նայում օրերում իր վեհ.
Երբ, որպես ճճի՝ մարդուն ցած թողած
Ճախրում էր ինքը՝ աստղերին հասած․․․
Գոռո՜զ էր, ի՞նչ է,―
Բայց նո՛ր հասկացավ
Թևաթափ ոգին՝ երբ փառքից ընկավ.
Որ գոռոզ աչքը շուրջը չի տեսնում.
Մինչ համեստության հայացքն աստղերից
Մինչև ծովերի հատակն է հասնում․․․
Ցածրում է, իրավ, բայց բարձր է նորից
Համեստ մրջունը հպարտ արծվից․․․
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։
Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին,
բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը,
ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու
դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու
վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք
են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են
թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի
հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական
գրականությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան
Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների
ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ,
1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։ Մի ոմն իմաստուն
զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։
- Ներկայացրու Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու առակներից մի քանիսը։
Մխիթար Գոշ
Խոհեմ մարդը և ծառերը
Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։
Դեղնուկի պատասխանը
Գնդածաղիկը, կորնգանը, խոլորձը, կապույտ առվույտը, սեզը և սրանց նմանները, ծաղրելով դեղնուկին, ասում էին.
— Ինչի՞ց է, որ մենք զվարճադեմ ենք, իսկ նա դեղնությամբ հյուծվել է։
Լսելով, դեղնուկը պատասխանեց.
— Որովհետև անմիտ եք ու աներկյուղ։ Չեք մտածում, որ մեզ համար գերանդի են սրում, իսկ ես մտատանջվելով, սարսափահար եղած դեղնում եմ։
Վարդան Այգեցի
Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Տգեղ կինը
Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.
— Ինչո՞ւ ես տրտմել։
— Այսօր հայելուն նայեցի, — պատասխանում է կինը, — տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։
— Դու մեկ անգամ նայելով ես այդչափ տրտմել, — չի համբերում ամուսինը, — ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։