Հայոց լեզու

Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ:

Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ

Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:

Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ

Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:

Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:

Ուշադրություն

Ֆիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի:

Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ:

1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:

Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:

Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:

Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներ վերջավորություն: Սա բացառություն է:

2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են եր վերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է:   

Օրինակ

Ջրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր:

 Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր —ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով:

Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ:

Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ:

3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր:

Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ:

Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը ն բառասկզբում է՝  /ը/սպա:

Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ

Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսերԴրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել: 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկ:

Տիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր:

 Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերք

Ոչ բոլոր բառերը ունեն և՛ եզակի, և՛ հոգնակի թիվ:

Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ:

Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր:

Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝

  • զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,
  • ություն, եղեն  ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,
  • որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:

Սրանք կոչվում են անհոգնական գոյականներ: 

Հոգնակի թիվ չունեն նաև հատուկ անունները իրենց հատկանշական գործածության մեջ: Բացառություն են կազմում որոշ մասնակի դեպքեր հիմնականում խոսակցական լեզվում կամ փոխաբերական գործածության դեպքում: Օրինակ՝ Մեր դասարանի Արմենները եկան: Հայ ժողովուրդը ունեցել է և՛ վասակներ, և՛վարդաններ: Վերջին օրինակում անունները վերաիմաստավորված են և փոխաբերաբար նշանակում են դավաճաններ և հերոսներ, այդ պատճառով էլ գրվում են փոքրատառով:

Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն: Առավել հաճախ հնչյունափոխվում են  ի, ու, ը  ձայնավորները: Ի -ն հաճախ դառնում է ը, փակ վանկի  ու-ն դառնում է ը բաց վանկի ու —ն՝ ըվ -ն սղվում է՝ տուն-տներ, միրգ-մրգեր, աստղ-աստղեր:

Leave a comment