Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը):
Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:
Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր: Ուստի և, Աստծու խոսքը շատերի սրտերին չէր հասնում:
Սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որ մշակումներով ու լրացումներով տևեց շուրջ 30 տարի: Աստվածաշունչն այլևս հայերեն էր, Աստված խոսում էր հայերեն: Ս. Սահակ Պարթևն ու Ս. Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին ու Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին և մյուսներն իրենց հոգու ամբողջ ջերմությունը ներդրեցին, իրենց հոգին նվիրեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին: Նրանց անկրկնելի թարգմանության շնորհիվ Աստվածաշնչի հայերեն օրինակը բոլոր ազգերի կողմից անվանվեց ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ:
Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր շարժման, որ մեր ազգի ՈՍԿԵԴԱՐԸ դարձավ:
Ծանոթություն։
Հայոց լեզվի զարգացման փուլերը։
Գրաբար կամ հին հայերեն (5-11րդ դար , Ոսկե դար): Գրաբարով են ստեղծագործել հինգերորդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Փարպեցի, Խորենացի, Եղիշե, Եզնիկ Կողբացի:Թարգմանվել է <<Աստվածաշունչը>>։
- Միջին կամ կիլիկիան հայերեն:,12-16 -րդ դար (Ֆրիկ, Վարդան Այգեկցի, Մ. Գոշ, Քուչակ):
- Աշխարհաբար ` իր երկու տարբերակներով: (17րդ դարից մինչև մեր օրերը)Աշխարհաբարով են գրել Աբովյանը,Ռաֆֆին , Մուրացանը, Շիրվանզադեն, Թումանյանը , Իսահակյանը, Տերյանը, Չարենցը Բակունցը, Շիրազը, Սևակը, Սահյանը , Հրանտ Մաթևոսյանը և այլ: Աշխարհաբարից են ծագել այժմյան հայերենի երկու գրական տարբերակները. արևելահայերենը և արևմտահայերենը: Արևելահայերենը ձևավորվել է արարատյան բարբառի հիման վրա, ՀՀ պետական լեզուն է , խոսում են նաև պարսկաստանի հայերը: Արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի <<կը>> հիման վրա, այն սփյուռքի հայության գրական լեզուն է:
Կարդալ և ներկայացնել, Հայկ և Բել
Հատվածներ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»
Այս Հայկը…. վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն…
Իսկ ինքը…. մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։
….Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը՝ Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի….
Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։
….Իսկ Բելը, հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.
– Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած Կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում….
Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով:
Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և հետ–հետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։
…Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։