Թվականը քանակ կամ թիվ ցույց տվող բառերն են:
Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային, բաշխական, դասական։
Առարկաների քանակ ցույց տվող թվականները կոչվում են քանակական թվականներ:
Քանակական թվականները լինում են բացարձակ, կոտորակային և բաշխական:
Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով:
Բացարձակ թվականներ են միավորները, տասնավորները, հարյուրավորները և բոլոր ավելի բարձր թվերը:
Հայերենի բացարձակ թվականներից բոլոր միավորները, տասը և քսան տասնավորները, հարյուր-ը, հազար-ը, միլիոն-ը, միլիարդ-ը կազմությամբ պարզ թվականներ են, որովհետև կազմված են մեկ արմատից:
Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն թվականները ածանցավոր են, որովհետև կազմված են սուն ածանցով:
Երկու կամ ավելի թվից, բայց առանց սուն ածանցի կազմված թվականները բարդ բառեր են, ինչպես՝ քսանութ, հարյուր երեք, հինգ հազար:
Մեկից ավելի արմատներով և սուն ածանցով կազմված թվականները բարդածանցավոր են՝ վաթսունչորս, հարյուր երեսունմեկ և այլն:
Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:
Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11-ից մինչև 99-ը: Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:
Հարադիր բարդություններ են 100 -ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:
Բոլոր բացարձակ թվականները կարող են գրվել արաբական թվանշաններով՝ ( 1,2,3… և այլն):
. Բաշխական են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:
Օրինակ`
Յուրաքանչյուր տուփում կա տասական մատիտ:
Ուսուցիչը մեզ հինգ-հինգ բաժանեց խմբերի:
Այս նախադասության մեջ տասական բառը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր տուփում ինչ քանակով են բաշխված մատիտները, հինգ-հինգ թվականը ցույց է տալիս, թե աշակերտները ինչպես են բաշխված ըստ խմբերի: Տասական, հինգ-հինգ բառերը բաշխական թվականներ են:
Բաշխական թվականները կազմվում են երկու ձևով՝
1. բացարձակ թվականին ավելացնելով ական վերջածանցը, ինչպես՝ երկուական, քսանական, հարյուրական: Այս թվականները թվանշաններով գրելիս թվանշանից հետո դրվում է գծիկ,
ապա` ական ածանցը՝ 2-ական , 20-ական, 100-ական:
2. բացարձակ թվականի կրկնությամբ, ինչպես՝ երկու-երկու, քսան-քսան, հարյուր-հարյուր:
Գ. Կոտորակային կոչվում են այն թվականները, որոնք ցույց են տալիս միավորի մեկ կամ մի քանի հավասար մասերից կազմված թվեր:
Օրինակ`
Հայերը կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը:
Այս նախադասության մեջ մեկ երրորդ բառը ցույց է տալիս մարդկանց քանակ` ամբողջի մաս ցույց տվող թվով: Այդ բառը կոտորակային թվական է:
Կոտորակային թվականները հարադիր բարդություններ են, որոնց առաջին բաղադրիչը՝ համարիչը, բացարձակ թվական է, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հայտարարը, կազմվում է րորդ, երորդ ածանցներով: Կոտորակային թվականները գրվում են առանձին:
2. ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ
Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների թվային կարգ՝ նրանց թվարկման ժամանակ:
Հետևյալ բառերը դասական թվականներ են՝ երկրորդ, երեսուներորդ, հազարերորդ:
Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով րորդ կամ երորդ վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է րորդ, ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:
Մեկ բացարձակ թվականից դասական ձև չի կազմվում. դրա փոխարեն գործածվում է առաջին բառը: Սակայն եթե մեկ թվականը բարդ թվականների վերջին բաղադրիչն է, ապա կազմվում է մեկերորդ ձևը՝ տասնմեկերորդ, հարյուրմեկերորդ և այլն:
Երկու, երեք, չորս թվականները բարդությունների վերջին բաղադրիչ լինելու դեպքում դասականի համար նույնպես ստանում են երորդ ածանցը, ինչպես` տասներկուերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, հարյուր երկուերորդ և այլն:
Դասական թվականները գրվում են նաև՝
1. արաբական թվանշաններով. այս դեպքում թվանշանից հետո դրվում է գծիկ, ապա` -րդ, որը կարդացվում ` երորդ կամ րորդ՝ 5-րդ (հինգերորդ), 100 -րդ (հարյուրերորդ), 14-րդ (տասնչորսերորդ) և այլն:
1. Պատմի՜ր թվական անվան մասին և հիշի՜ր տեսակները։
Թվականը քանակ կամ թիվ ցույց տվող բառերն են:
Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային, բաշխական, դասական։
2. Գրի՜ր քո ծննդյան տարեթիվը,ամսաթիվը թվականի հնարավոր բոլոր տարբերակներով։
Երկու հազար տասներկու թվական, մարտ
2012․03
2012 3 – րդ ամիս
3. Հիշիր մեր անցած խոսքի մասերը և ներկայացրու, թե ինչո՞վ են միմյանցից տարբերվում։
Գոյական, ածական, թվական
Գոյական – առարկա, իր ցույց տվող բառեր
Ածական – առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր
Թվական – քանակ ցույց տվող բառեր