Թվական որոշչի մասին։

Եթե թվական ածանցով գոյականն անորոշ է, ապա  «-եր» կամ «-ներ» չի ավելանում

Օրինակ՝   մեր բակում երկու կատու կա:

Եթե հոգնակի գոյականը որոշյալ է, ապա գոյականի հոգնակին միշտ ավելանում է

 «-եր» կամ «-ներ» 

Օրինակ՝   իմ երկու կատուները շատ աշխույժ են:

Երբեմն գրավոր և բանավոր խոսքում դժվար է լինում ճիշտ որոշել՝ թվական որոշչի հետ եզակի՞, թե՞ հոգնակի որոշյալ դնել՝ հինգ խնձո՞ր, թե՞ հինգ խնձորներ: Թվական որոշիչ-որոշյալ կապակցության թվային պահանջի արմատները լեզվական ընկալումների նախնական փուլում են, պայմանավորված են թվի վերացարկված ընկալմամբ: Շատ ժողովուրդներ, կախված մեկի և շատի տարբերակման ընկալման մակարդակից, երկուսից, երեքից կամ չորսից ավելին են համարել շատ, հոգնակի:  Դա հավանաբար բխել է թվի աբստրահված ընկալման ընթացքում ձևավորված պատկերացումներից. մեկը միանշանակ միակ է՝ եզակի. երկու, երեք, չորսն ակնհայտորեն մեկից ավելի են, միաժամանակ առանձին-առանձին ընկալելի, և թվականի հոգնակի լինելով ևս մեկ անգամ ընդգծվել է եզակի չլինելը, իսկ հինգից սկսած այն շատն է, որ  ընկալվում է արդեն ամբողջության մեջ: 
Այդ ընկալումը դրսևորվել է նաև հայերենի զարգացման սկզբնական փուլում:

Գրաբարում սրա կարգավորումը բավական հստակ էր, համաձայնությունը՝ կանոնավորված: Մի թվականը գործածվել է միայն եզակի թվով, գոյականի հետ համաձայնել է հոլովով, իսկ երեք, չորեք թվականները ձևով էլ հոգնակի են եղել, քանի որ ակնհայտորեն ընկալվել են որպես ոչ եզակի (երկու թվի՝ մեկից ավելի՝ կրկնակի լինելն այնքան ակնհայտ է եղել, որ հոգնակի դնելու կարիք էլ չի եղել, թեև երկուս-ի ս-ն արդեն հոգնակիի վերջավորություն է), կապակցվել են միայն հոգնակի գոյականների հետ: Հաջորդ քանակական թվականները նախադաս դիրքում գործածվել են և՛ եզակի,  և՛ հոգնակի որոշյալի հետ, իսկ հետադաս թվական որոշչի գոյական լրացյալը եղել է միայն հոգնակի թվով: Այսինքն, նախապես գիտենք, որ շատ առարկայի մասին է խոսքը, ուրեմն հոգնակի որոշյալ՝ անկախ որոշչի թվից: Օրինակներ՝ երեք մասունք, ի չորից երիվարաց, զերկինսն երկոսին, աստեղք հինգ և այլն: 

Գնալով ավելի ու ավելի մեծ թվեր վերացարկմամբ պատկերացնելու ունակություն ձեռք բերած մարդու ուղեղում ավելի մեծ թիվ է տպավորվել որպես առանձնյակների հավաքականություն, ոչ թե չտարրալուծվող ամբողջություն: Եվ աստիճանաբար ավելի մեծ թվեր են առանձնյակներով ընկալվելու շնորհիվ հոգնակի լրացյալ ստացել:

Ռուսերենում այդ ընկալման քերականական դրսևորումը պահպանվում է՝ մեկ թվի հետ լրացումը համաձայնում է թվով և հոլովով՝ один билет, երկու, երեք, չորսի դեպքում եզակի սեռականով է դրվում՝ два, три, четыре билета, այսինքն՝ երկու հատ մեկ տոմս, երեք հատ մեկ տոմս, չորս հատ մեկ տոմս, հինգից սկսած՝ հոգնակիով՝ пять билетов-հինգ տոմսեր. շատ լեզուներ մեկից բարձր թվի հետ միանշանակ հոգնակի լրացյալ են կիրառում: 
Ժամանակակից հայերենի որոշիչ–որոշյալ հարաբերությունն առդրային է, ի տարբերություն գրաբարի, այսինքն՝ համարվում է, որ նրանք չեն համաձայնում որևէ քերականական կարգով: 

Սակայն նկատելի է, որ այս կանոնը, քերականական տեսանկյունից բացարձակ լինելով, բառիմաստից կամ խոսքիմասային իմաստից կախված առանձնահատկություններ ունի: Յուրահատուկ թվային համաձայնության պահանջ է առաջանում որոշ որակական ածականների, որոշ դերանունների և որոշ մակբայների դեպքում, իսկ թվականի պարագայում այն առկա է միշտ, թեկուզ երբեմն համաձայնության պահանջի բացակայության ձևով:  
Թվականի արտահայտած քանակից կախված լրացյալի եզակի-հոգնակի առնվելու տարբերակումը վերացել է, բայց պահպանվել է ամբողջությամբ կամ առանձնյակներով ընկալման վրա հիմնված տարբերակումը: 
Եթե որոշակի քանակով իրերն ու առարկաներն ընկալվում են առանձին-առանձին, նկատի են առնվում որպես առանձնյակներ, թվական որոշչի հետ լրացյալը դրվում է հոգնակի, միաժամանակ քերականական թվով համաձայնում է նաև ստորոգյալի հետ, օրինակ՝ «Երկու լեզուներ ևս՝ հունարենն ու ալբաներենը, ինքնուրույն ճյուղեր են կազմում»:

Լրացյալը հոգնակի է դրվում նաև, եթե հոդ, որակական ածական կամ որևէ այլ մասնավորեցնող լրացում ունի թվականից բացի: Այսինքն, երբ որևէ հատկանիշով կամ պատճառով յուրաքանչյուր առարկա ընկալվում է առանձնացված: Օրինակ, հինգ աթոռ դրեք նախագահությունում կամ՝ այդտեղի հինգ աթոռները դրեք նախագահությունում: Առաջին դեպքում նշանակություն չունի՝ ինչ աթոռներ, կարևորը քանակն է, երկրորդ դեպքում՝ մասնավորեցված, առանձնացված, որոշակիացված՝ այդտեղի աթոռներն են, իսկ քանակը նշվում է թռուցիկ, լրացնում է ասվածը: 

Երբ ընկալվում է որպես ամբողջություն, գոյական որոշյալը լինում է եզակի, ստորոգյալն էլ եզակի է դրվում: Օրինակ՝ «Այս տարի 250 հազար զբոսաշրջիկ է այցելել Ենոքավանի զբոսաշրջային կենտրոն»: Ենոքավանի զբոսաշրջային կենտրոնի մասին է խոսքը, բնականաբար զբոսաշրջիկներ պետք է գային, դա ընդգծելու հարկ չկա, բայց այ, թիվը՝ 250 հազար, նշանակալից է, ուստի՝ 250 հազար զբոսաշրջիկ: 

Կամ՝  «Օժանդակ շինությունում հայտնաբերվել և առգրավվել է 3 հատ որսորդական դանակ»: 

Այս տրամաբանությունից է բխում նաև անձ ցույց տվող գոյականների՝ մեծ մասամբ հոգնակի լրացյալ դառնալը թվական որոշչի հետ, սակայն կարևոր է նկատի ունենալ, որ անորոշ առումով և որպես միաձույլ ամբողջություն ընկալվող անձ ցույց տվող գոյականներն էլ են եզակի առնվում. «Յոթն ավանները միասին ունեին 13308 հետևակ և ձիավոր զինվոր» Ր:

Հետաքրքիր է, որ մարդ բառի հոգնակին թվական որոշիչ չի ստանում, իսկ մարդ իմաստով հոգի բառը, եթե երկուսից մեծ թվական որոշիչ ունի, ինքը հոգնակի չլինելով, միշտ հոգնակի ստորոգյալի հետ է կիրառվում, օրինակ՝ «Հինգ-վեց հոգի իրար դեմ ելած՝ սրամարտ էին մղում», «Տասը հոգով գնացինք որսի»:
   

Leave a comment