Հայոց լեզու

1.Ձեր բակի մասին պատմի՛ր (մարդկանց՝ մեծերի ու երեխաների, հետաքրքիր անձերի ու դեպքերի մասին գրի՛ր):

2.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային: Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բացթողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3.Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից: Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին: Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը: Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից: Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է: Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

4.Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ: Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..: Թեպետ………………, սակայն………………….: Չնայած որ………….., բայց………………………: Թեև…………………., բայց և այնպես……………:

5.Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան: Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա: Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:

6. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր: Արագիլին հարցրին. -Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում: Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց. -Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ: Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց. — Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում: Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

-Ես քեզնից չեմ վախենում, է˜, որովհետև դու ինձնից ուժեղ չես:

Leave a comment