Նախադասության մեջ գոյականական անդամի ով կամ ինչ լինելը բացահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ:
Օրինակներ`
Հայերեն գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ մեծ վարդապետը:
Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, աշխարհի հնագույն քաղաքներից է:
Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:
Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, և մասնավորող (կոնկրետացնող) պարագայական։
Անահիտը` իմ աշակերտուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
Գագիկը` որպես մարզիչ (մասնական), շատ առաջատար է:
Ձորերում՝ քարերի տակ (մասնավորող պարագայական), գլխիկներն են հանել մանուշակները:
ԲՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԻՉ
Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը, օրինակ`
Նրա որդին (ո՞վ)` Կարենը, քաղաքում հայտնի իրավաբան էր:
Բուն բացահայտիչն իր հերթին կարող է ունենալ բացահայտիչ, ուստի և այդ պատճառով ինքն էլ դիտվի բացահայտյալ: Օրինակ`
Նա` Թումանյանը` մեծ գրողը, ապրում էր արարելով:
Երբեմն որպես բացահայտյալ հանդես է գալիս որևէ ընդհանրական բառ, որը բացահայտվում է մի քանի բացահայտիչով: Օրինակ`
Այդ կինն իր կյանքում տեսել էր ամեն ինչ` պատերազմ, սով, դժվարություն, գաղթ:
Նրանք` հայրը, մայրը, եղբայրն ու քույրը, վերջապես գտան իրար:
Բուն բացահայտիչն ու բացահայտյալը համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով: Դեմքի համաձայնությունն արտահայտվում է դիմորոշ հոդով:
Ես` այս լեռների տիրակալս, թույլ չեմ տա ձեզ ներխուժել իմ տարածք:
Քեզնից` ընտանիքի ավագ որդուցդ, խուսափում են անգամ հարազատներդ:
ՄԱՍՆԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏԻՉ
Ի տարբերություն բուն բացահայտչի՝ մասնական բացահայտիչը ամբողջովին չի կրկնում բացահայտյալին, այլ բացահայտում է նրա միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով:
Մասնական բացահայտիչն ունի ազատ շարադասություն, կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո:
- Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:
- Որպես հմուտ սպարապետ՝ Մուշեղը կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:
Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին:
Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում:
ՄԱՍՆԱՎՈՐՈՂ ՊԱՐԱԳԱՅԱԿԱՆ ԲԱԱՀԱՅՏԻՉ
Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
- Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:
- Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ձորի երկու կողմում` թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում:
ԲԱՑԱՀԱՅՏՉԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:
Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:
Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը
Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես: