Գրականություն 9․ Մահարի, Մանկություն, Գաղթականությունը

ԻՆՉՊԻՍԻ՞ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԷՐ ՀԱՅՏՆՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳԱՂԹԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ 

ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ Ի՞ՆՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴՈՒՆ՝  ԿՅԱՆՔԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ։                       

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Էջմիածին։ Ես երբեք, երբեք իմ կյանքում չեմ կրել այնպիսի հիասթափություն, ինչպես կրեցի այն ժամանակ, երբ տեսա Էջմիածնի խունացած դեմքը։ Շոգ։ Փոշի։ Կեղտոտություն։ Վանքի խունացած սիլուետը։ Իսկ պարիսպների տակ իրար վրա թափած գաղթականություն։ Ճեմարանի բակի ծառերի տակ մեզ շարեցին ծալապատիկ և ճաշ տվին։ Բիլի Մակը կծկվեց մոտս։ Ես մի անգամ էլ հիշեցի մայրիկանց տան վերի օդի պատից կախված Էջմիածնի փառահեղ նկարը, և սիրտս լցվեց անասելի դառնությամբ։ Ճաշից հետո լուր տարածվեց, որ բոլոր որբերին տանելու են բաղնիք, հին շորերը ոչնչացնելու և նոր շորեր տալու։ Այդպես էլ եղավ։ Այստեղ ես շատ վնասվեցի, որովհետև ես կորցրի իմ նոր և վայելուչ շորերը և բոլորի նման հագա ծաղկավոր չթից կարած մի շապիկ, մի վարտիք, իսկ գլխիս կապեցի մի ծաղկավոր թաշկինակ: Ուրիշ ոչինչ։ Այլ պայմաններում ես կամաչեի այդ դրությամբ՝ մի տակ շապիկ-վարտիքով և բոբիկ ոտներով ման գալ, բայց ստեղծված  կացությունը թույլ չէր տալիս զբաղվել նման կենցաղային մանրուքներով։Ինձ մոտեցավ ինձնից մեծ, հանդուգն աչքերով մի տղա և մի կողմ տարավ։ Զգուշությամբ, շուրջը նայելով, նա շապիկի տակից հանեց մի ծաղկավոր թաշկինակ և ցույց տվեց.

 – Թռցուցի… շորերդ ինչի՞ տվիր:

Նա ներս մտավ բաղնիք և հինգ րոպե հետո դուրս եկավ՝ արցունքները սրբելով, ձեռքին՝ իմ շորերը։ Մենք դուրս եկանք վանքի դարպասից, անցանք փողոցը և մտանք առաջին պատահած խանութը: Քիչ հետո մենք նստեցինք փողոցի մի քարի վրա, քանդեցինք մեր գլխի թաշկինակները և բաժանեցինք 300 հատ կոնֆետ մեր մեջ:

– Քո անունն ի՞նչ ի,– հարցրի ես նրան՝ լցված անսահման երախտագիտությամբ։

 – Կուշո… քո՞ն։

 – Գուրգեն… 

Մենք մտերմացանք. նա դարձավ իմ խնամատարն ու շահերի պաշտպանը։ Ես իմ բաժին կոնֆետից մաս հանեցի նաև Բիլի-Մակին, որի համար և արժանացա Կուշոյի հանդիմանությանը։ Ես խոսք չգտա արդարանալու։

Աղբյուր՝ Գուրգեն Մահարի «Էջմիածնում» (հատված «Պատանեկություն» վիպակից)

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Գաղթականության վիճակը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին

Հանրապետության ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը։ Արևելյան Հայաստանում էին ապաստանել Մեծ եղեռնից մազապուրծ մոտ 300 հազար արևմտահայեր։ 

Գաղթականության մի հոսք էլ առաջացավ Ադրբեջանի Հանրապետության տարածքից։ Ենթարկվելով թուրք-թաթարական բռնություններին ու կոտորածներին՝ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան։

Կառավարությունը պետք է դժնդակ պայմաններում հայտնված գաղթականությանը կերակրեր, պատսպարեր, հող և աշխատանք տար։ Գաղթական յուրաքանչյուր շնչին օրական տրվում էր կես ֆունտ (200 գրամ) ալյուր։

Գաղթականության մեջ առավել մեծ հոգածություն էին պահանջում որբ երեխաները։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կային 40 հազարից ավելի անտեր ու թափառական որբեր։ Նրանց խնամքը իրականացնելու համար հիմնվեցին մի քանի տասնյակ որբանոցներ, որոնցից ամենախոշորը Ալեքսանդրապոլում էր։

Առավել ծանր ու անորոշ էր Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ գաղթականության վիճակը։

Leave a comment