Գրականություն 9․ Հայաստանի պատմություն 9․ Թեմա՝ «Սասունցի Դավիթ», Ատրպատականի ճակատամարտ

Ի՞նչ դեր են ունեցել արդարությունն ու վեհանձնությունը մեր պատմության քառուղիներում և ազգային մտածողության ու արժեհամակարգի ձևավորման  գործում։

Գեղարվեստական հատված՝  Հ․Թումանյան «Սասունցի Դավիթ»

․․․․Ասավ, ելավ ու փոթորկեց,

Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,

Ձին փոթորկեց, փայլատակեց

Ու ցած իջավ Թուր-Կայծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,

Անցավ քառսուն քարերը ցած,

Միջից կըտրեց ժանտ հըրեշին,

Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,

Գոռաց Մելիք հորի տակից։

Դավիթ լըսեց, շատ զարմացավ

Իրեն զարկից, Թուր-Կայծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։

Ու թափ տըվավ Մելիքն իրեն,

Միջից եղավ ճիշտ երկու կես,

Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,

Ջուր կըտըրվեց ահ ու վախից։

Դավիթ կանչեց.— Մի՛ վախենաք,

Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,

Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,

Հազար ու մի կըրակ ու ցավ,

Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,

Եկել թափել օտար դաշտեր.

Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,

Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Դարձե՛ք եկած ճանապարհով,

Ձեր հայրենի հողը Մըսրա.

Բայց թե մին էլ զենք ու զոռով

Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր

Թե ջաղացի քարի տակին,—

Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,

Սասմա Դավիթ, Թուր-Կայծակին։

Էն ժամանակ աստված գիտի,

Ով մեզանից կըլնի փոշման.

Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,

Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման…

Պատմական հատված՝ Ատրպատականի ճակատամարտ

Նյութի աղբյուրը՝ «Աշխարհացույց» կրթահարթակ

Մուշեղ Մամիկոնյանը հայոց պատմության ամենահայտնի հերոսներից է, սպարապետ է եղել 368 թ․-ից: Նա մեծ աջակցություն է ցուցաբերել Արշակ II-ի գահաժառանգ որդի Պապին՝ պարսկական նվաճողներից երկիրը ազատագրելու և Մեծ Հայքի գահը վերականգնելու գործում: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Մուշեղը վերականգնում է «․․․հին սահմանը, որ առաջ գոյություն ուներ Հայոց երկրի և Վրաց երկրի միջև, որպիսինն էր մեծ գետ Կուրը»։ Մուշեղ զորավարը շրջում էր երկրում և քանդում պարսիկների ու հայրենիքն ուրացողների կառուցած մազդեզական ատրուշանները, ձերբակալում և խստագույնս պատժում պարսից արքունիքից պատիվ վայելող անձանց։

Մուշեղը 370 թ․ 40 հազար ընտիր զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավային սահմանը։ Այնտեղ էր եկել Շապուհն՝ իր զորքով, որի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժանը։ Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում։ Շապուհը փախչում է։ Հաղթանակած հայերի ձեռքն են ընկնում պարսից արքայի գանձարանը և կանանոցը։ Մուշեղը հրամայում է կանանոցը վերադարձնել Շապուհին։ Նա, ապշած հայոց զորավարի արարքից, գավաթի վրա նկարել է տալիս Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած։ Իր զորքին հյուրասիրելու պահին նա ամեն անգամ ձեռքն է վերցնում գինու գավաթը և ասում․ «Ճերմակաձին գինի արբցէ»։

371 թ․ պարսից մեծաքանակ զորքը, սակայն, կրկին ներխուժում է Հայաստան։ Հայ-հռոմեական զորքը բանակում է Ձիրավի դաշտում։ Ձիրավի ճակատամարտում հայկական բանակը կրկին ջախջախում է Շապուհ II-ի զորքերին, ինչի արդյունքում պարսից արքան ստիպված է լինում ճանաչել Պապի թագավորական իշխանությունը։ Այնուհետև Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը ձեռք ձեռքի տված զբաղվում են պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։

Leave a comment