«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։
1.Սանասար և Բաղդասար- Բագրատունիների թագավորության արքա Գագիկի դստեր՝ Ծովինարի և Բաղդադի անհավատ խալիֆի ամուսնությամբ հաստատվում է համերաշխություն։ Ծովինարը հղիանում է սառնորակ աղբյուրից։
Ծնվում են Սաբասարն ու Բաղդասարը։
Սանասարն ամուսնանում է այդ քաղաքի արքայի դստեր՝ Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի կամ պարզապես Դեղձունի հետ։ Վերջինս Սանասարին տեսել էր իր երազում և վերջինիս այդ մասին տեղեկացրել էր նամակի միջոցով։ Բաղդասարն էլ իր հերթին ամուսնանում է Դեղձուն-Ծամի քրոջ հետ և մեկնում Բաղդադ։ Սանասարն ու Դեղձունն ունենում են երեք որդի՝ Մհերը, Օհանը և Ցռան Վերգոն։ Էպոսի վիպական երկրորդ ճյուղում Սանասարի և Բաղդասարի գործը շարունակում է եղբայրներից ավագի որդին՝ Մհերը։
2.Առյուծաձև Մհերն ամուսնանում է Արմաղանի հետ։ Սակայն այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ Ջալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մըսր՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ՝ Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։ Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ, որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ Ջալալին աստվածային նժույգով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։
Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։ Սակայն հայ փափկասուն տիկնոջ երդմնազանցությունը առաջացնում է Աստծո զայրույթը, և վերջիններս մնում են անժառանգ։ Աստծո հետ կապ հաստատելու նպատակով Մեծ Մհերը կառուցում է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, որի միջոցով կապ է հաստատում տիրոջ հետ և վերջինից արու զավակ խնդրում։ Սակայն Աստված հայտնում է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տղայի ծնվելուց անմիջապես հետո նա և իր կինը մահանան։ Անձնազոհ Մհերն ու Արմաղանը շուտով մահանում են, սակայն լույս աշխարհ է գալիս նրանց խարտյաշ որդին, որին կնքում են Դավիթ։
3. Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ Առյուծաձև Մհերի հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա Մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մըսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։
Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը Սասունում մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։ Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք, ապա դիմում նաև դրանց տերերին հետևյալ խոսքերով․
Այսպես Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։
Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։ Կյանքի վերջին տարում Դավիթը Սասուն քաղաքի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան այսպես․ «անմահ լինես և անժառանգ»։ Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։
4. Փոքր Մհերը «Սասնա Ծռեր» էպոսի հերոսական սերնդի վերջին ներկայացուցիչն է։ Էպոսի չորրորդ ճյուղը նվիրված է նրա հալածական և հերոսական ուժին։ Նա Դավթի ու Խանդութի որդին է։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և իրար չճանաչելով` մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։
Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ։ Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին։ Ողբում էր, ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները` սաստկանում։ Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ։ Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա։
— Եթե ես խփեմ թրովս ժայռին,— ասաց նա ինքն իրեն,— և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ։
Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը։ Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ։ Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում։ Բայց այդ ամենը զուր էր։ Շատ տարիներ անցան։ Մեկ անգամ միայն մի հովիվ է կարողանում տեսնել Մհերին։ Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ։ Քարը բացվում է ու երևում է հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա։
Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել։ Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում։ Դա Քուռկիկ Ջալալին է իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը։ Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը։