Մարդն ավելի շատ հիշում է հաղթանակնե՞րը, թե՞ անհաջողությունները

Մարդն ավելի շատ հիշում է հաղթանակնե՞րը, թե՞ անհաջողությունները

Կարծում եմ՝ կախված է մարդու բնույթից։ Օրինակ՝ ինձ համար առավել կարևոր և հիշարժան է նպատակին հասնելու ճանապարհը, քան այն կետը, որին հասնելը ես կհամարեմ նպատակի իրագործում։ Ինձ համար այդ ճանապարհն ավելի հետաքրքիր ու ուսուցողական է, իսկ երբ հասնում եմ նպատակիս, ինձ թվում է, թե ինչ-որ կարևոր բան ավարտվեց, այլ ոչ թե հաղթեցի կամ հիմա ունեմ այն, ինչ ցանկանում էի։

Սովորաբար մարդն ավելի շատ հիշում է անհաջողությունները. հոգեբանության մեջ սա կոչվում է նեգատիվության հակում։ Մարդու ուղեղը հաղթանակը համարում է ավարտված մի էջ՝ մի բան, որը պետք էր կատարել և կատարված է, այդ իսկ պատճառով հաղթանակն ուղարկում է արխիվ՝ որպես ուղղակի լավ դրվագ կյանքից։ Իսկ անհաջողությունն ընդունվում է որպես չլուծված խնդիր և հետապնդում է մարդուն՝ հիշեցնելու համար, որ նա ձախողվել է այս կամ այն քայլերի պատճառով։ Իմ կարծիքով՝ սա պաշտպանողական ռեակցիա է, որպեսզի մարդը չկրկնի այն քայլերը, որոնք անցյալում բերել են անհաջողության։

Օփրա Ուինֆրին ասել է. «Կարևոր չէ, թե քանի գագաթի կհասնես, եթե բարձրանալիս հաճույք չես ստացել»»։

Leave a comment