Դասարան՝ 10-րդ
Առարկա՝ Պատմություն, ընտրությամբ դասընթաց
Տևողություն՝ 6 ուսումնական ժամ
Ձևաչափ՝ խմբային աշխատանք, դերային խաղ, բանակցություններ, պատմական իրավիճակների փոփոխություն, որոշումների կայացում
Կարճ նկարագրություն
Սիմուլյացիայի ընթացքում սովորողները տեղափոխվում են մ.թ.ա. I դար և ստանձնում տարածաշրջանի չորս պետությունների՝ Հայաստանի, Պոնտոսի, Հռոմի և Պարթևստանի ներկայացուցիչների դերերը։
Սովորողները նախապես չեն իմանում պատմական իրադարձությունների ամբողջ ընթացքը։ Յուրաքանչյուր փուլում նրանց տրամադրվում է միայն տվյալ պահին հասանելի պատմական տեղեկատվությունը։ Դրա հիման վրա նրանք քննարկում են իրենց պետության շահերը, բանակցում մյուս պետությունների հետ, ընդունում քաղաքական որոշումներ և գրանցում դրանք։
Հաջորդ փուլում ներկայացվում է պատմական նոր զարգացում, որից հետո խմբերը պետք է վերանայեն իրենց նախկին որոշումները և որոշեն՝ պահպանե՞լ, փոխե՞լ, թե՞ ամբողջությամբ վերաձևակերպել իրենց քաղաքականությունը։
Այսպիսով, սովորողները ոչ միայն ուսումնասիրում են Տիգրան Մեծի ժամանակաշրջանի իրադարձությունները, այլև փորձում են հասկանալ, թե ինչպես են պատմական դերակատարները որոշումներ կայացնում անորոշության պայմաններում։
Նպատակները
- հասկանալ Տիգրան II-ի ժամանակաշրջանի տարածաշրջանային քաղաքական իրավիճակը,
- ուսումնասիրել Հայաստանի, Պոնտոսի, Հռոմի և Պարթևստանի շահերի բախումները,
- զարգացնել պատմական մտածողությունը և պատճառահետևանքային կապերը տեսնելու կարողությունը,
- սովորել որոշումներ ընդունել սահմանափակ տեղեկատվության պայմաններում,
- զարգացնել բանակցելու, սեփական դիրքորոշումը հիմնավորելու և համագործակցելու կարողությունները,
- հասկանալ պատմական դերակատարի և հետադարձ հայացքով պատմությունն ուսումնասիրող մարդու դիրքերի տարբերությունը։
Ինչպես է կազմակերպվում աշխատանքը
Սովորողները բաժանվում են չորս խմբի՝ Հայաստան, Պոնտոս, Հռոմ և Պարթևստան։
Յուրաքանչյուր խումբ ստանում է իր պետության կարճ նկարագիրը, հիմնական շահերը, հնարավոր վտանգները և քննարկման հարցերը։ Խմբի ներսում սովորողները որոշում են իրենց պետության քաղաքականությունը։
Բանակցությունների ընթացքում խմբերը կարող են առաջարկել դաշինքներ, պայմանագրեր, չեզոքություն, ռազմական կամ քաղաքական համագործակցություն։ Հնարավոր են նաև գաղտնի բանակցություններ։
Սիմուլյացիայում միավորներ և հաղթողներ չկան։ Կարևոր է ոչ թե «հաղթել», այլ կարողանալ հիմնավորել տվյալ պահին ընդունված որոշումը։
Հիմնական կանոնն այն է, որ սովորողները չեն կարող օգտագործել այն տեղեկությունը, որը պատմականորեն հայտնի է այսօր, բայց սիմուլյացիայի տվյալ պահին դեռ հայտնի չէր պատմական դերակատարներին։
6 փուլերը
I փուլ — Տարածաշրջանը մինչև մեծ փոփոխությունները
1-ին ուսումնական ժամ
Սկզբում սովորողներին ներկայացվում է մ.թ.ա. I դարի սկզբի ընդհանուր իրավիճակը։
Տարածաշրջանում կարևոր ուժերից են Հայաստանը, Պոնտոսը, Հռոմը և Պարթևստանը։ Հայաստանը Տիգրան II-ի իշխանության շրջանում աստիճանաբար ուժեղանում է։ Պոնտոսը փորձում է պահպանել և ընդլայնել իր ազդեցությունը Փոքր Ասիայում։ Հռոմը շարունակում է ընդլայնվել դեպի Արևելք, իսկ Պարթևստանը տարածաշրջանի խոշոր ուժերից է։
Խմբերը ծանոթանում են իրենց պետության իրավիճակին և որոշում.
- որն է իրենց հիմնական նպատակը,
- որն է գլխավոր վտանգը,
- ում հետ կարելի է համագործակցել,
- որն է առաջին քաղաքական քայլը։
Դրանից հետո սկսվում է առաջին բանակցությունների փուլը։
Յուրաքանչյուր խումբ գրանցում է իր առաջին որոշումը.
Մեր հիմնական նպատակը՝
…………………………………………….
Մեր առաջին քաղաքական քայլը՝
…………………………………………….
Մենք պատրաստ ենք համագործակցել՝
…………………………………………….
II փուլ — Հայաստանի վերելքը
2-րդ ուսումնական ժամ
Սովորողներին տրվում է նոր պատմական տեղեկատվություն։
Տիգրան II-ի իշխանության տարիներին Հայաստանը սկսում է արագորեն ընդլայնել իր ազդեցությունը և դառնում տարածաշրջանի կարևոր ուժերից մեկը։ Հայաստանի ուժեղացումը փոխում է մյուս պետությունների հաշվարկները։
Այժմ խմբերը վերադառնում են իրենց նախորդ որոշումներին և քննարկում.
Ի՞նչ փոխվեց։
Ո՞վ դարձավ մեզ համար ավելի կարևոր։
Ո՞վ դարձավ ավելի վտանգավոր։
Պե՞տք է փոխել մեր նախկին քաղաքականությունը։
Դրանից հետո կազմակերպվում է բանակցությունների երկրորդ փուլը։
Յուրաքանչյուր խումբ նորից գրանցում է իր որոշումը և նշում, թե ինչու է այն փոխել կամ պահպանել։
Մեր նախկին քաղաքականությունը՝
…………………………………………….
Նոր տեղեկատվությունը փոխեց/չփոխեց այն, որովհետև՝
…………………………………………….
Մեր նոր քաղաքականությունը՝
…………………………………………….

