1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։
1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը[4]։
Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)[5]։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել….
- «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլի անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին, ինչպես նաև 1994 թվականին ՀՀ ԿԲ-ի թողարկած 25 դրամ անվանական արժեքով «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամին։
- ԽՍՀՄ փոստը 1968 թվականին թողարկել է Երևանի 2750-ամյակին նվիրված փոստային նամականիշ (12 կոպեկ), որին ևս պատկերված է «Սասունցի Դավիթ» արձանը։
- «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։
- «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։
- «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։