Պատմություն Ը․ 10․ Կլոր սեղան, գիտնականներ

Հայաստանը հարուստ է կենսաբազմազանությամբ, սակայն այսօր բույսերի, սնկերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ գտնվում են անհետացման վտանգի տակ։ ՀՀ Կարմիր գրքում ներառված են 452 տեսակի բույս և 40 տեսակի սունկ, ինչպես նաև 153 տեսակի ողնաշարավոր և 155 տեսակի անողնաշարավոր կենդանիներ։ Վտանգված տեսակների շարքում են Կովկասյան հովազը, բեզոարյան այծը և հայկական մուֆլոնը։ Առանձնահատուկ ուշադրության կարիք ունի նաև Սևանա լճի կենսաբազմազանությունը․ Սևանի իշխանի բնական պաշարները կտրուկ նվազել են, վտաբգված են նաև Սևանի կողակն ու բեղլուն։ Այս խնդրի հիմնական պատճառներից են բնական միջավայրերի ոչնչացումը, անտառահատումները, որսագողությունը, ջրերի և հողերի աղտոտումը, գերխոտեցումը և կլիմայի փոփոխությունը։ Երբ ոչնչանում են կենդանիների բնակավայրերը կամ նվազում են նրանց սննդային պաշարները, տեսակները դժվարանում են բազմանալ և պահպանել իրենց թվաքանակը։ Կենսաբազմազանության կորուստը վնասում է ոչ միայն բնությանը, այլև մարդկանց․ այն կարող է նվազեցնել հողի բերրիությունը, խաթարել ջրային ու անտառային էկոհամակարգերը և վնասել գյուղատնտեսությանը, ձկնորսությանը և զբոսաշրջությանը։

Առաջարկում ենք հետևյալ լուծումները՝

1․Պետք է ուժեղացնել պահպանվող տարածքների պաշտպանությունը և պայքարը որսագողության դեմ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Կարմիր գրքում ներառված տեսակների բնակավայրերին՝ կանխելով անտառների ոչնչացումը, հողերի վնասումը և կենդանիների բնական միջավայրի խաթարումը։ Միաժամանակ անհրաժեշտ է կանոնավոր ուսումնասիրել վտանգված տեսակների թվաքանակը, որպեսզի դրանց պահպանման միջոցառումները հիմնվեն գիտական տվյալների վրա։

2․Պետք է աջակցել գյուղացիներին, որպեսզի բնության պահպանությունը տնտեսապես չվնասի նրանց։ Օրինակ՝ կարելի է տրամադրել ֆինանսական աջակցություն այն գյուղատնտեսներին, ովքեր կիրառում են հողն ու ջուրը խնայող մեթոդներ, սահմանափակում են վնասակար քիմիական նյութերի օգտագործումը և պահպանում բնական բուսածածկը։ Այն վայրերում, որտեղ անասունների արածեցումը վնասում է հազվագյուտ բույսերին կամ կենդանիների բնակավայրերին, կարելի է սահմանել արածեցման հստակ կանոններ և անհրաժեշտության դեպքում առաջարկել այլ արոտավայրեր։ Այսպիսով՝ գյուղացիները կկարողանան շարունակել իրենց աշխատանքը՝ միաժամանակ նվազեցնելով բնությանը հասցվող վնասը։

3․Սևանա լճի ձկնատեսակները պահպանելու համար պետք է կանխել ապօրինի որսը, վերահսկել ձկնորսության թույլատրելի ծավալները, բարելավել լճի ջրի որակը և պաշտպանել ձկների բազմացման համար անհրաժեշտ տարածքները։ Սա կարևոր է ոչ միայն բնության, այլև ձկնորսությամբ և զբոսաշրջությամբ զբաղվող մարդկանց երկարաժամկետ եկամուտների համար։

4․Պետությունը կարող է զարգացնել էկոտուրիզմը և բնության պահպանության հետ կապված աշխատատեղերը։ Եթե պահպանվող տարածքներում կազմակերպվեն բնապահպանական զբոսաշրջային երթուղիներ, ուղեկցորդների ծառայություններ և տեղական արտադրանքի վաճառք, համայնքները կստանան եկամուտ՝ առանց բնությունը ոչնչացնելու։

5․Կարևոր է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը։ Դպրոցներում, համայնքներում և հասարակական միջոցառումներում պետք է բացատրել, թե ինչու են վտանգված տեսակները կարևոր և ինչպես կարող է յուրաքանչյուր մարդ նպաստել դրանց պահպանությանը։ Բացի այդ, անհրաժեշտ է, որ բնությանը վնաս հասցնող կազմակերպությունները պատասխանատվություն կրեն իրենց գործունեության հետևանքների համար։

Այս մոտեցումը թույլ կտա պետությանը պահպանել Հայաստանի բնական հարստությունն ու զարգացնել կայուն զբոսաշրջությունը, գյուղացիներին՝ պաշտպանել իրենց հողերն ու գյուղատնտեսական եկամուտները, համայնքներին՝ ստեղծել նոր աշխատատեղեր, իսկ հասարակությանը՝ ունենալ ավելի առողջ միջավայր։

Leave a Reply