Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ (լատ.՝ Felis silvestris catus կամ Felis catus)[1][3], փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված[4] (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը[5][6][7]։
Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողություն և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի է[10], որը շփման համար օգտագործում է ձայնային ազդանշանների լայն դիապազոն, ինչպես նաև ֆերոմոններ և մարմնի շարժումներ[11]։
Չնայած կատուները ընտելացվել են շատ վաղուց, կատուների մեծամասնությունը ընդունակ է գոյատևել մարդկային բնակավայրերից դուրս՝ համալրելով երկրորդային վայրենացած կատուների շարքերը։ Թափառական կյանքի պայմաններում կատուները կրկին արագ վայրենանում են։ Վերավայրենացած կատուները ապրում և որս են անում միայնակ, բայց երբեմն ձևավորում են մի քանի էգերից և ձագերից կազմված ոչ մեծ գաղութներ։
Կատվի մարմնի միջին երկարությունը, առանց պոչի, կազմում է 60 սմ, պոչի երկարությունը՝ 25-35 սմ։ Որպես կանոն՝ էգերն ավելի փոքր են, քան արուները, ինչպես մյուս կաթնասունների մոտ է (սեռական դիմորֆիզմի արտահայտություն)։ Ամենախոշոր կատուն, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, ունի 121,9 սմ երկարություն[68][69]։