
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ հայտնի նաև որպես Մատենադարան, հին ձեռագրերի պահուստ է, որի հայերեն ձեռագրերի հավաքածուն ամենամեծն է աշխարհում։ Այն հիմնվել է 1959 թվականին և գտնվում է Երևանում։
“Մատենադարան” բառը նշանակում է ձեռագրերի պահուստ։ Այն պարունակում է ավելի քան 17000 ձեռագրեր, 450 հազար փաստաթղթեր և 3000 հին գրքեր։ Ամենահին ձեռագիրը “Վեհամոր Ավետարանն” է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Այստեղ կարելի է տեսնել հայկական ամենամեծ գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը (28կգ) և ամենափոքր գիրքը, որը կշռում է 190գրամ։
Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, 1959թ.՝ ավարտվել:
Մատենադարանը ոչ միայն թանգարան և պատկերասրահ է, այլ նաև հայտնի հետազոտական և մշակութային կենտրոն։ Այսպիսով, եթե ուզում եք իմանալ ավելին հայոց լեզվի և ձեռագրերի մասին, սա է այն վայրը, որտեղ կարելի է ստանալ ամբողջական տեղեկություն։
Մատենադարանի ճարտարապետությունը
Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից՝ նեո-հայկական ոճով։ Մոնումենտալ աստիճանները տանում են դեպի Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները։ Արձանի հետևի պատին փորագրված է հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Հայ գիտնականներ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները տեղադրված են ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին։ Մուտքից ոչ հեռու բացօթյա ցուցահանդես է, որտեղ խաչքարեր են ցուցադրված։
Հայկական ձեռագրերը
Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ “որդար կարմիր” կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։