Արտասովոր եղջերուն

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Continue reading “Արտասովոր եղջերուն”